Համաշխարհային փոստային միություն (UPU)

Համաշխարհային փոստային միությունը հիմնադրվել է 1874թ., կենտրոնակայանը գտնվում է Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում: ՀՓՄ-ն Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալություն է, որին անդամակցում է 191 պետություն: 

ՀՓՄ-ի հիմնական նպատակն է զարգացնել սոցիալական, մշակութային և առևտրային հաղորդակցությունները, աջակցել ժամանակակից փոստային ծառայությունների մատուցմանը, իրականացնել խորհրդատվական, միջնորդական և հաղորդակցության ապահովման գործառույթներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տրամադրել տեխնիկական աջակցություն: ՀՓՄ-ի կողմից սահմանվում են միջազգային փոստափոխանակման կանոնները, ինչպես նաև ընդունվում են երաշխավորագրեր, որոնց նպատակն է խթանել փոստային ծավալների ավելացմանը և բարելավել պատվիրատուներին մատուցված ծառայությունների որակը:  

Որպես ոչ քաղաքական կազմակերպություն` ՀՓՄ-ն չի միջամտում այն հարցերին, որոնք առնչվում են տեղական բնույթի փոստային ծառայություններին, այսինքն` փոստերն իրենք են սահմանում փոստային սակագները, ինքնուրույն որոշում` ինչպիսի նամականիշներ թողարկել, ինչպես կառավարել փոստային գործունեությունը: 

ՀՓՄ բարձրագույն մարմինը Համաշխարհային փոստային համագումարն է, որին յուրաքանչյուր 4 տարին մեկ  մասնակցում են բոլոր անդամ-պետությունների լիազորված ներկայացուցիչները:  Համագումարի կողմից ընտրվում են նաև Վարչակազմերի խորհրդի և Փոստային շահագործման խորհրդի անդամները: 

Խորհուրդը, որին անդամակցում է 41 պետություն, ապահովում է ՀՓՄ համագումարների միջև ընկած ժամանակահատվածների շարունակականությունը, վերահսկում է գործունեությունը և ուսումնասիրում է կանոնակարգիչ, վարչական և իրավական բնույթի հարցեր: 

ՀՓՄ փոստային շահագործման խորհուրդը հանդիսանում է տեխնիկական և շահագործման բնույթի մարմին և բաղկացած է 40 ընտրված պետություններից: Այն զբաղվում է միջազգային փոստային ծառայության շահագործման, տնտեսական և առևտրային բնույթի հարցերով: 

Հայաստանը Համաշխարհային փոստային միությանն անդամակցում է 1992 թվականից` միանալով ՀՓՄ Կոնվենցիային և լրացուցիչ արձանագրություններին: